Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ա՜Յ ՔԵԶ ՏԱՌ ․․․

Կարծում ես ն-ն սովորական բաղաձա՞յն է։ Նրա մասին այնքա՜ն բան կա պատմելու։ Դե՛ լսիր։

Այս տառը հաճախ հայտնվում է այնտեղ, որտեղ չպիտի լինի։ Ի՛սկը անկոչ հյուր։ Խոսելիս ու գրելիս աչքդ վրան պիտի պահես, որ ն-ն իր չափը ճանաչի։ Թե չէ, մեկ էլ տեսար՝ հայտնվեց հենց ճանաչել բառի մեջ։ Շատերը կընկնեն նրա խելքին ու կասեն ճանանչել: Ախր այնպե՜ս է կարողանում համոզել․․․  Բայց միայն նրանց է համոզում, ովքեր խաբվելու փոխարեն հեշտությամբ խաբնվում են, որովհետև չեն ճանաչում հայերենի ուղղագրությունը։ Մինչդեռ մայրենի լեզուն ճանաչելը շատ կարևոր է: Նրա օգնությամբ դու օտար լեզուներ ես սովորում, կապվում ես գիտության ու գրականության հետ: Այո, կապվում ես, այլ ոչ` կապնվում: Տեսնա՞ր, դարձյալ այս ն-ն: Նրան անտեղի տեղ տվողը երևի պիտի ամաչի: Բայց նա, ով ասում է ճանանչել, խափնվել, կապնվել, չի ամաչի ու ամաչել բառի փոխարեն էլ կասի ամանչել: Այդքանից հետո դեռ կհեգնի. «Ի՞նչ մեծ բան է: Մի տառ ավել կամ պակաս: Ախր դա մանրունք է»: Դե արի ու բացատրիր, որ ճիշտը մանրուք-ն է, այլ ոչ մանրունք-ը, և որ լեզվի հարցում մանրուքներ չկան: Նաև՝ թե ի՜նչ կարևոր է, որ կանաչ անձեռոցիկի փոխարեն սխալմամբ կանանչ անձեռնոցիկ չօգտագործես: Օգտագործած անձեռոցիկը դեն կնետես, իսկ օգտագործած բառերը կմնան քեզ հետ: Դրա համար էլ պետք է, որ դրանք մաքուր լինեն:

Բայց այս մի բանը լավ իմացեք. ն-ն շատ լավ տառ է, նա մեղավոր չէ։ Մենք հո չե՞նք կարող բոլոր ն-երին վտարել։ Այս անկարգությունները ավելո՛րդ ն-ն է անում։ Ա՛յ թե ով է մեղավորը։ Նա պիտի իմանա, որ տեղ չունի նաև ավելորդ բառի մեջ: Այո՛, պետք է մերժել ավելնորդ-ը, ավելի ճիշտ՝ նրա միջի ն-ն։

Դե՛, մինչ նոր հանդիպում: Կարծում եմ` մեր սիրելի ամսագիրը միշտ հնարավորություն կընձեռի, որ մենք հանդիպենք: Տես, է՛, քիչ էր մնում ասեի՝ կընձեռնի։ Ավելորդ նընձեռել բառի մեջ էլ է սիրում խցկվել: Բայց մենք այդ հնարավորությունը նրան չե՛նք ընձեռի:

Երազիկ Գրիգորյան

ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի աշխատակից

Նյութը հրապարակվել է «Լուսապսակ» ամսագրում