Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Առանց կարծրատիպերի» հաղորդաշարի լեզվի վերլուծություն

Առանց կարծրատիպերի հաղորդաշարի վերլուծություն

Դիտարկվել է «Առանց կարծրատիպերի» հաղորդաշարի մի քանի հաղորդում։ Հրավիրված անձանց խոսքին չենք անդրադարձել։ 

      Կարծում ենք, որ ներկայացվող վերլուծությունը, որն արվել է նկատված լեզվական անճշտությունների հիման վրա, հաղորդավարի համար կլինի օգտակար։

      Ստորև բերում ենք գրանցած սխալների և թերությունների օրինակներ՝ առաջարկելով ուշա­դրութ­յուն դարձնել հատկապես նման դեպքերին։

 

«․․․․ ինչ-որ համեմատություն տանելով հենց անձամբ Ձեզ հետ, ասել եք ․․․․» (03.12.2022)։

Ձևակերպումը ճիշտ չէ․ համեմատությունը չեն տանում։

Հարկավոր էր ասել, օրինակ․ «․․․․ ինչ-որ զուգահեռներ տանելով հենց անձամբ Ձեզ հետ, ասել եք ․․․․» կամ «․․․․ համեմատելով հենց անձամբ Ձեզ հետ, ասել եք ․․․․»։

 

«Հիմա, որ Դուք քսանհինգ տարի հեռավորությամբ նայում եք իննսունական թվականները, և հիմա, ոչինչ չի՞ փոխվել» (03.12.2022)։

Նախադասության շարադրանքը հարթ չէ։ Կան նաև քերականական անճշտութ­յուններ։

Կարելի էր ասել, օրինակ․ «Հիմա, երբ Դուք քսանհինգ տարվա հեռավոր­րությունից նայում եք իննսունական թվականներին և համեմատում, ոչինչ չի՞ փոխվել»։

 

«Եթե Դուք հնարավորություն ունենայիք մրցույթի չափորոշիչների մեջ ինչ-որ բան փոխելու, ի՞նչ, օրինակ, կհանեիք կամ նորը կներգրավեիք» (03.12.2022)։

Նշված բառի գործածությունը տվյալ դեպքում ճիշտ չէ։

Կարելի էր ասել․ «․․․․ ի՞նչ, օրինակ, կհանեիք կամ կավելացնեիք»։

 

«Ինչո՞ւ «Պտտիր հրաշքը», և ի՞նչ է մեզ սպասվում» (10․12․2022)։

Սպասվում-ի փոխարեն պետք էր ասել սպասում․ «․․․․ ի՞նչ է մեզ սպասում»։

Այս մասին Լեզվի կոմիտեն հրապարակել է հորդորակ[1], որն առաջարկում ենք ընթերցել։

 

«Երբ երիտասարդ մասնագետին զանգահարում են և ասում են, որ միջազգային մակարդակի պարտավորություն ունեցող պրոեկտ պետք է կատարել ․․․․» (10․12․2022)։

Ձևակերպումները ճիշտ չեն։ Բացի այդ՝ անհարկի գործածվել է օտար բառ։

Կարելի էր ասել․ «Երբ երիտասարդ մասնագետին զանգահարում են և ասում, որ միջազգային մակարդակի նախագիծ (ծրագիր) պետք է իրականացնել ․․․․»։

 

«Ինչպե՞ս դարձավ, որ ըսենց միանգամից դա դարձավ ակտուալ» (10․12․2022)։

Առանց մեկնաբանության՝ առաջարկենք ճիշտ տարբերակը․ «Ինչպե՞ս եղավ, որ այսպես միանգամից դա դարձավ հրատապ»։

 

«Երիտասարդ ձիզայները կարծում է ․․․․» (10․12․2023), «․․․․ կարող ես շատ լուրջ լինել, ռոմանծիկ լինել ․․․․» (21.01.2023):

Հայերենում «դ» տառը «ձ», «տ»-ն «ծ» չեն արտասանվում։

Պետք էր ասել դիզայներ, ռոմանտիկ։

 

«Անչափահասների գլխավոր խնդիրները ․․․․ ո՞րն եք Դուք տեսնում» (17․12․2022)։

Այստեղ նույնպես ճիշտ չէ ձևակերպումը։ Կա նաև թվային անհամաձայնություն։

Ճիշտ կլիներ ասել․ «Անչափահասների գլխավոր խնդիրները ․․․․ որո՞նք եք Դուք համարում»։

 

«Հայրենիքը Ձեզ համար, տիկի՛ն Դուրյան, եթե մեկ նախադասությամբ կամ մեկ խոսքով փորձեք ձևակերպել» (17․12․2022)։

Սխալը օտար լեզվի ազդեցության հետևանք է։

Պետք էր ասել․ «․․․․ եթե մեկ նախադասությամբ կամ մեկ բառով փորձեք ձևակեր­պել»։

Ի դեպ, հաղորդավարը հաճախ այսպես էլ ասում է։

 

«․․․․ երկրի վիճակը, Արցախի կյանքի ճանապարհը մեզ հանգիստ չի տալիս ․․․․» (24․12․2022)։

Թվային անհամաձայնություն կա նաև այստեղ։

Հարկավոր էր ասել․ «․․․․ երկրի վիճակը, Արցախի կյանքի ճանապարհը մեզ հան­գիստ չեն տալիս ․․․․»։

 

«․․․․ Դուք եղել եք նաև հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր տասյերկուսից տասնյոթ թվականները» (24․12․2022)։

Նշված թվականն արտասանվում է այսպես՝ տասնէրկու։

Ձևակերպումը նույնպես ճիշտ չէ։

Պետք էր ասել․ «․․․․ Դուք եղել եք նաև հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր տասներկուսից տասնյոթ թվականներին»։

 

«Ես շնորհավորում եմ Ձեր ընկերության տասամյակը» (07․01․2023):

Արտասանական անճշտություն կա նաև այստեղ։

Պետք էր ասել տասնամյակ։

 

«Մենք մեր քաղաքացիներին ենք հնարավորություն տվել հարցեր ուղղել պատգա­մավոր ․․․․» (24․12․2022)։

Կա խնդրառական սխալ։

Հարկավոր էր ասել․ «Մենք մեր քաղաքացիներին ենք հնարավորություն տվել հարցեր ուղղելու պատգամավոր ․․․․»։

 

«․․․․ սկսենք Ձեր կայացման ճանապարհը» (07․01․2023)։

Քանի որ խոսքն այն մասին էր, թե ինչի՛ց սկսել զրույցը, ուստի պետք էր ասել․ «․․․․ սկսենք Ձեր կայացման ճանապարհից»։

 

«Բրյուսըվի լեզվաբանական համալսարան ավարտած ․․․․» (07․01․2023)։

Նշված բառը հայերենում արտասանվում է այսպես՝ Բրյուսով։

 

«Ինչպե՞ս առաջացավ այդ մտահաղացումը» (07․01․2023)։

Մտահաղացում բառ չկա։ Պետք է ասել մտահղացում։

Բացի այս՝ մտահղացումը չի առաջանում։

Ճիշտ կլիներ ասել, օրինակ․ «Ինչպե՞ս առաջացավ այդ միտքը», «Ինչպե՞ս դա մտահղացաք»։

 

«․․․․ Հայաստանում ներդրեցիք այդ առողջ սնունդ հասկացողությունը» (07․01․2023)։

Հասկացողություն բառը հասկացության հետ չպետք է շփոթել։ Թեև նախկինում հասկացություն-ը ունեցել է նաև հասկացողության իմաստը, որն արձանագրված է նաև բառարաններում, բայց սա արդեն հնացած «երևույթ» է, և ժամանակակից հայերենում դրանք հստակորեն սահմանազատված են:

Հասկացություն-ը ընդհանուր իմաստով նշանակում է գաղափար: Հասկացո­ղութ­յուն-ը հասկանալու, ըմբռնելու կարողությունն է, այս կամ այն կերպ հասկանալը:

Բերված օրինակում խոսքը ոչ թե հասկացողության, այլ հասկացութ­յան մասին է։

 

«․․․․ ուզես թե չուզես, քաշդ ավելանում է, և դու դրա հետ ոչինչ անել չես կարող» (07․01․2023)։

Հետ-ի փոխարեն պետք էր գործածել դեմ բառը․ «․․․․ ուզես թե չուզես, քաշդ ավելանում է, և դու դրա դեմ ոչինչ անել չես կարող»։

 

«․․․․ ոչ թե աշխարհը քեզ, այլ դու պետք է ադապտացվես աշխարհին» (07․01․2023)։

Նշված օտար բառը գործածվել է անհարկի։

Պետք էր ասել․ «․․․․ ոչ թե աշխարհը քեզ, այլ դու պետք է հարմարվես աշխարհին»։

 

«Նա կարծում է, որ աշխատասիրության և կամքի դեպքում մենք կկարողանանք կյանքում հաղթահարել բոլոր կարծրատիպերը» (07․01․2023)։

Ճիշտ ձևակերպում չէ։

Կարելի էր ասել, օրինակ․ «Նա կարծում է, որ աշխատասիրությամբ և կամք դրսևո­րելու դեպքում մենք կկարողանանք կյանքում հաղթահարել բոլոր կարծրա­տիպերը»։

 

«Ի՞նչ է, ի վերջո, լավագույն ճանանչվելը», «․․․․ բայց լավագույն մնալը և տարեց­տարի լավագույն ճանանչվելը ․․․․» (21.01.2023)։

Ճանաչել բառի մեջ կա մեկ ն։ Երկրորդն ավելորդ է։

Վերջին նախադասության մեջ կա նաև այլ սխալ․ լավագույն ճանաչվում են ոչ թե, օրինակ, տարեցտարի, այլ ամեն տարի։

Պետք էր ասել․ «․․․․ բայց լավագույն մնալը և ամեն տարի լավագույն ճանաչվելը ․․․․»։

 

«․․․․ նկատում եմ, որ մարդիկ իսկապես քեզ շատ ջերմ վերաբերմունք ունեն» (21.01.2023)։

Վերաբերմունք ունենում են ոչ թե որևէ մեկին, այլ որևէ մեկի նկատմամբ։

Պետք էր ասել․ «․․․․ նկատում եմ, որ մարդիկ իսկապես քո նկատմամբ շատ ջերմ վերաբերմունք ունեն» (կամ` «․․․․ նկատում եմ, որ մարդիկ իսկապես շատ ջերմ են վերաբերվում քեզ»)։

 

«Հետո էդ կարգապահությունն է երևի ինձ մեջ դրել» (21.01.2023)։

Անձնական դերանունները տրական հոլովով են գործածվում հետ, վրա, մոտ, պես, համար, նման կապերի հետ։

Այս դեպքում պետք էր ասել իմ մեջ։

Ճիշտ չէ նաև ձևակերպումը․ կարգապահությունը որևէ տեղ չեն դնում։ Միտքը հարկավոր էր ձևակերպել այլ կերպով։

 

«․․․․ փրկվեցին ի շնորհիվ Ձեզ» (17․12․2022)։

Այստեղ նույնպես դերանունը ճիշտ հոլովով չի գործածվել։ Բացի այս՝ ի շնորհիվ-ի փոխարեն պետք էր ասել շնորհիվ։

Նախադասությունը հարկավոր էր կազմել այսպես․ «․․․․ փրկվեցին Ձեր շնորհիվ»։

 

«․․․․ զրուցելու ենք «Միս Առմենիա» մշակութային հիմնադրամի նախագահ ․․․․» (03․12․2022), «Ողջ աշխարհը և Եվռոպան ականատես կլինեն ․․․․» (10.12.2022), «Այն­պես որ, ապռե՛ք առանց կարծրատիպերի» (17․12․2022), «Որոշել եմ նաև Էլինառ Վար­դան­յանին բացահայտել ․․․․» (24․12․2022), «․․․․ էդ տարիքից հետո հոռմոնալ փոփոխութ­յուններ են» (07․01․2023), «․․․․ և ամենակարևորը․ շարունակեն ապռել Հայաստանում» (21.01.23):

Հաղորդավարը «ր»-ի փոխարեն «ռ» է արտասանում հաճախ, ինչպես տվյալ դեպքերում։ Այս հանգամանքին պետք է ուշադրություն դարձնել։

 

«Այսպիսինն էր Գոհար Հարությունյանը ․․․․» (03.12.2022), «Այսպիսինն էր Անահիտ Յուզբաշյանը ․․․․» (07․01․2023), «Այսպիսինն էր Էլինառ Վարդանյանը ․․․․» (24․12․2022)։

Նշված դերանունն ուղղական հոլովում ունի ոչ թե «այսպիսին», այլ «այսպիսի» ձևը։ Երբ նրան ավելանում է որոշյալ հոդ, ունենում է «այսպիսին» ձևը, այլ ոչ «այսպիսինն»։

Հաղորդավարուհու ուշադրությունը հրավիրում ենք նաև այս հանգամանքի վրա, քանի որ սխալը կրկնվում է բոլոր հաղորդումներում։

Տվյալ օրինակներում պետք էր ասել․ «Այսպիսին էր Գոհար Հարությունյանը ․․․․», «Այսպիսին էր Անահիտ Յուզբաշյանը ․․․․», «Այսպիսին էր Էլինար Վարդանյանը ․․․․»։

 

«․․․․ թե՞ կարելի է և ըսենց դատարկ տեղը ․․․» (10․12․2022),    «Այո՛, էլի ըտենց ․․․․» (17․12․2022), «Մի առիթով մի ըսենց միտք եք ասել» (24․12․2023):

Հաղորդումներում հաճախ հնչող ըսենց, ըտենց, ընենց և նման այլ խոսակցական բա­ռա­ձևերի փոխարեն պետք է գործածել այսպես, այդպես, այնպես գրական ձևերը։

 

          Լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ՝

Գուրգեն Միքայելյան

[1] (Լեզվիկոմիտե․հայ//langcom.am)