Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Առավոտ․էյէմ» կայքի լեզվի վերլուծություն

Կայքն ունի լեզվական պատշաճ մակարդակ, թեև կան որոշ անճշտություններ։ Դրանք նկատելի են հատկապես «Երևանից դուրս» բաժնում։ Ցան­կա­նում ենք խմբա­­գրութ­յան ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա։

Ստորև ներկայացնում ենք արձանագրված սխալների և անճշտությունների նմուշ­ներ։

 

«Դրանք կյանքի են կոչվել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆի­նան­­սա­վորմամբ ․․․․» («Վանաձորում նշվեց երիտասարդության միջազգային օրը», 12.08.2022):

Միջազգային կազմակերպությունների բաղադրյալ հատուկ անուններում մեծատա­ռով է գրվում միայն առաջին բաղադրիչը։ Տվյալ դեպքում հարկավոր էր գրել՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն:

ԱՄՆ-ն չգրելու դեպքում մեծատառով պետք է գրել միջազգային բառը՝ Միջազգային զար­գացման գործակալություն։

Քանի որ Երիտասարդության միջազգային օրը համարվում է տոն, ուստի ճիշտ է նրա առաջին բաղադրիչը նույնպես գրել մեծատառով։

«Ի դեպ շահագործումից հետո այստեղ ոչ մի վերանորոգման ու բարեկարգման աշխա­տանքներ չէր արվել» («Սուբվենցիոն ծրագրով ևս մի նորակառույց փողոց Գորիսում», 12․08․2022)։

Ի դեպ-ը հարկավոր էր տրոհել ստորակետով։

Կա նաև թվային անհամաձայնություն, ինչպես նաև շարադասական անհարթութ­յուն։

Պետք էր գրել․ «Ի դեպ, շահագործումից հետո այստեղ վերանորոգման ու բարե­կարգ­ման ոչ մի աշխատանք չէր արվել» (կամ առավել նախընտրելի տարբերակով․  «․․․․  վերանորոգման ու բարեկար­գման աշխատանք չէր արվել»

 

«Այս գործով անցնող ամբաստանյալների 60-70 տոկոսը գնացել են պատերազմ ․․․․»։ (««Ի՞նչ հանցավոր համաձայնություն, երբ շատերն իրար ․․․․»․ Զինված խմբի գործով ամբաստանյալ», 18․08․2022):

Այստեղ նույնպես խախտված է թվային համաձայնությունը։

Հարկավոր էր գրել․ «Այս գործով անցնող ամբաստանյալների 60-70 տոկոսը գնա­ցել է պատերազմ ․․․․»։

Զինված բառը պետք է լիներ փոքրատառով։

«Սա միակ փողոցը չի, որ նորոգվում է» (նույն տեղում):

«Է» օժանդակ բայը այլ խոսքի մասերի հետ ստորոգյալ կազմելիս ի-ի չի փոխվում։

Հարկավոր էր գրել․ «Սա միակ փողոցը  չէ ․․․․»։

«․․․․ դրանք կազմակերպել էր «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտ­­­­րոն» Հ/Կ-ն ….» («Ո՞վ է երիտասարդը ….», 12․02․2022), «․․․․ այսօր ՀՀ-ում ՌԴ դես­պա­նատան առաջ էին նաև «Հանրային վերահսկողություն» հ/կ-ի անդամները» (««Եթե այդքան անկարող են ….»․ Մհեր Կարագոզյան», 16․08․2022):

Հապավումները գրվում են առանց կոտորակային գծիկի, մեծա­տա­ռերով։

Հարկավոր էր գրել ՀԿ։ (Ի դեպ, կայքում շատ դեպքերում այսպես էլ գրվում է)։ Ընդ որում՝ հատկացուցչի պաշտոնում կիրառվող այն տառային հապավումները, որոնց բաղա­դրիչ տառերն արտասանվում են առանձին-առանձին (բաղաձայններն ուղեկցվում են չգրվող ը-ով) գործածվում են առանց հոլովական վերջավորության։

Պետք էր գրել ՀԿ անդամները։

«․․․․ իր խոսքում աշխարհի փորձից բազում օրինակներ մեջբերեց ․․․․» («Ո՞վ է երիտա­սարդը ․․․․», 12․02․2022):

Ճիշտ կլիներ մեջբերել-ու փոխարեն գրել բերել բառը․ «․․․․ աշխարհի փորձից բազում օրինակներ բերեց ․․․․»։

«Տոնի շրջանակում անցկացվեց նաև «Էքսպո տոնավաճառ»՝ բացահայտելով տար­բեր ուսումնական հաստատությունների կողմից կրթական և աշխատանքային հնարա­վո­րութ­յունները» (նույն տեղում):

Տոնավաճառն անցկացվել չի կարող: Կողմից կապը գործածվել է անհարկի։

Կարելի էր գրել․ «Տոնի շրջանակում կազմակերպվեց նաև «Էքսպո տոնավաճառ», որի ընթացքում բա­ցա­հայտվեցին տարբեր ուսումնական հաստատությունների կրթա­կան և աշխատանքային հնարավորությունները»։

«Հիշեցնենք, որ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»   ՀԿ-ն երիտասարդների միջազգային օրը կազմակերպել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնա­դրամի ․․․․ ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ» (նույն տեղում):

Կա լեզվատրամաբանական անճշտություն․ տվյալ հասարակական կազմակերպութ­յունն այլ գործընկերների հետ կազմակերպել էր ոչ թե Երիտասարդների միջազգային օրը, այլ այդ օրվա միջոցառումները։

«Վերջինս նշեց, որ ոչ միայն իրավասություն չունի նման տեղեկատվություն հրապա­րա­­­կելու, այլ առհասարակ տեղեկություն չունի ռազմակայանի մասին» («Ռուսական ռազ­­­մա­­կայանի կառուցման մասին տեղեկություն չունեմ․ Սամվել Հովսեփյան», 12.08.2022)։

Հայերենում կան զուգադիր շաղկապներ, որոնցից է «ոչ միայն ․․․․ այլև» զույգը։

Հարկավոր էր գրել․ «Վերջինս նշեց, որ ոչ միայն իրավասություն չունի նման տեղե­կութ­յուն հրապա­րա­­­կելու, այլև (կամ այլ նաև) ․․․․»։

Վերնագրում ուրիշի ուղղակի խոսքը պետք էր առնել չակերտների մեջ։ Նշենք, որ երբեմն այդպես էլ արվում է. դա ակնհայտ է նաև մեր մեջբերումներից։

«Նա հաստատեց, որ այդ մեքենան ամրացված է եղել Առափիի համայնքապետին» («Մի «Լեքսուս»-ի պատմություն ….», 11․08․2022):

Ճիշտ կլիներ գործածել ամրակցել բառը․ «Նա հաստատեց, որ այդ մեքենան ամ­րակցված է եղել Առափիի համայնքապետին»։

Վերնագրում նշված բառի հոլովական վերջավորությունը` ի-ն, հարկավոր էր գրել չակերտների ներսում։

«Օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ապա պայթյուն, զոհերի թիվն այս պահին 16 է, այդ թվում՝ հղի կին և երեխա» (Բաբկեն Պիպոյան․ «Պետք է բարձր ռիսկայնության վայրերում ….», 16․08․2022):

Առևտրի կենտրոնի անունը հարկավոր էր առնել չակերտների մեջ, ինչպես այլ դեպքե­րում։

Ըստ գրվածի՝ պայթյունը նույնպես բռնկվել է։

Անհարթ է շարադրանքը։

Կարելի էր գրել, օրինակ, այսպես․ «Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտ­րոնում հրդեհ է բռնկվել, ապա եղել է պայթյուն։ Զոհերի թիվն այս պահին 16 է։ Նրանց մեջ կան հղի կին և երեխա»։

«Պայթյունից րոպեներ առաջ նա խանութից դուրս է եկել, գտնվել է այն վայրում,  որտեղից  սկիզբ է առել պայթյունը» (««Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հրաշ­քով փրկվեց Գայանեն», 17․08․2022)։

Դարձյալ ճիշտ չէ ձևակերպումը։

Պետք էր գրել, օրինակ․ «Պայթյունից րոպեներ առաջ նա խանութից դուրս է եկել, գտնվել է այն վայրում, որտեղ եղել է պայթյունը»:

«Հրաշքով ծխի, կրակի բոցից մի կերպ դուրս է եկել» (նույն տեղում):

Ճշտենք՝ առանց մեկնաբանության․ «Հրաշքով ծխի, կրակի միջով մի կերպ դուրս է եկել» (կամ` «Հրաշքով ծխից, բոցից մի կերպ դուրս է եկել»):

«Նա նշեց, որ պատերազմի դաշտում կորցրեցինք ….» (««Մենք չունենք հող թշնամուն տալու ․․․․». Տիգրան Արզաքանցյանն ընտրվեց ․․․․», 20․08․2022)։

Պետք է լիներ՝ կորցրինք։

Պատճառական բայերի խոնարհման մասին Լեզվի կոմիտեն ունի հրապարակում[1], որն առաջարկում ենք ընթերցել։

«․․․․ գործարար Գարիկ Ղազարյանը, մարզի համայնքների ղեկավարներ ու այլոք մեկիկ-մեկիկ ծաղիկներ խոնարհեցին ․․․․» («Քաջարանի օրվան նվիրված միջոցա­ռումները ․․․․», 21․08․2022)։

Այլոք բառաձև չի եղել և չկա։ Սխալ է կարծելը, թե դա գրաբարյան ձև է։

Ճիշտ է այլք-ը։

Ի դեպ, ճիշտ կլինի չչարաշահել վերջերս տարածված «ծաղիկներ խոնարհել» արտա­հայ­­տությունը և գործածել նաև «ծաղիկներ դնել»-ը։

«Օրվա այլ միջոցառումների մասին կներկայացնենք առաջիկայում» (նույն տեղում)։

Որևէ բանի մասին չեն ներկայացնում։

Կարելի էր շարադրել, օրինակ, այսպես․ «Օրվա այլ միջոցառումների մասին կգրենք առաջիկայում»։

«․․․․ վերջին վայրկյաններին կորցրեց զգոնությունը և չորս միավորանոց հնարք բաց թողեց, ինչն էլ մարտի ելքը վճռեց մրցակցի օգտին» («Սուրեն Աղաջանյանը վերջին վայրկյաններին ձեռքից բաց թողեց ոսկին», 21․08․2022):

Այստեղ նույնպես կա ձևակերպման անճշտություն։

Ճիշտ կլիներ գրել, օրինակ․ «․․․․ վերջին վայրկյաններին կորցրեց զգոնությունը և թույլ տվեց, որ մրցակիցը կիրառի չորս միավորանոց հնարք, ինչն էլ մարտի ելքը վճռեց նրա օգտին»։

«․․․․ համառության շնորհիվ մեր մարզիչը հասել է այն բանին, որպեսզի այդ դրվագի տեսա­գրությունը տեղում վերանայվի, ինչից հետո փոխվել է որոշումը ․․․․» («Արմեն Բաբալարյանի պրոֆեսիոնալիզմի և համառության շնորհիվ ․․․․»,  20․08․2022):

Որ և որպեսզի շաղկապների առանձնահատկությունների մասին նույնպես Լեզվի կոմիտեն հրապարակել է պարզաբանում (հորդորակ[2]), որը ևս ներկայացնում ենք կայքի աշխատա­կիցների ուշադրությանը։

«…. այդ ընկերությունը երթուղին սպասարկելու մրցույթը հաղթել է դեռ նախորդ տարվա դեկտեմբերին» («Հրազդան-Երևան կանոնավոր երթուղի չկա.․․․», 24.08.2022):

Հաղթում են ոչ թե մրցույթը, այլ մրցույթում և, բնականաբար, պետք էր գրել․ «…. այդ ընկերությունը երթուղին սպասարկելու մրցույթում հաղթել է դեռ նախորդ տարվա դեկտեմբերին»։

«Բողոքի ցույցի կազմակերպիչները մտադիր էին նաև Երևանի կենտրոնական փողոց­ներով քայլերթ իրականացնել դեպի ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն» («Ռուսաստանի քաղաքացիները բողոքի ցույց արեցին ․․․․», 24․08․2022):

Քայլերթն իրականացվող բան չէ․ իրականացնել բառի գործածությունը չպետք է չարաշահել։

Բացի այս՝ ճիշտ կլինի, եթե կողք կողքի գրվող պետությունների անունները գրվեն միանման՝ կա՛մ երկուսն էլ ամբողջությամբ, կա՛մ երկուսն էլ հապավված։

Նախադասությունը կարելի էր կազմել, օրինակ, այսպես․ «Բողոքի ցույցի կազմակերպիչ­ները մտադիր էին նաև կազմակերպել քայլերթ և Երևանի կենտրոնական փողոց­ներով շարժվել դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն»։

«Մեր դիտարկմանը, բոլոր այն դրվագներին, որոնք իրավապահները ներկայացրին՝ Առինջի կամրջի տակ, Առինջ գյուղ: Ի պատասխան փաստաբանը շարունակեց .․․․» («Սևակ Ծառուկյանը խնջույքից է վերադառնալիս եղել ․․․․», 25․08․2022):

Այն տպավորությունն է, որ հեղինակն արել է նշումներ՝ ասելիքը հետագայում շարադրելու համար, բայց այդպես էլ թողել է։

      Լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ՝

Գուրգեն Միքայելյան

[1]  // Լեզվիկոմիտե․հայ

[2]   // Լեզվիկոմիտե․հայ