Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունիսի 23-ին և 24-ին անցկացվեց գիտաժողով՝ նվիրված համալսարանի հիմնադրման 100-ամյակին։
Գիտաժողովը նախաձեռնել էր ՀՊՄՀ Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիան։ Գիտաժողովն սկսվեց ՀՊՄՀ-ի ռեկտոր պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանի բացման խոսքով, ողջույնի խոսքով հանդես եկան Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը և ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։
Հանրապետական գիտաժողովին, որի երկրորդ օրն առցանց էր, զեկուցումներ կարդացին Հայաստանի և Արցախի մի շարք բուհերի, գիտահետազոտական հիմնարկների դասախոսներ, գիտնականներ և գիտաշխատողներ, մեկ զեկուցում՝ ԱՄՆ-ից։
Լիագումար նիստը սկսվեց Դավիթ Գյուրջինյանի «Լեզվանունների արևելահայերեն / արևմտահայերեն տարբերակայնությունը» թեմայով զեկուցումով։
Զեկուցումներ կարդացին Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի պրոֆ., բ. գ. դ. Վաղարշակ Մադոյանը՝ «Գեղարվեստական թարգմանություն. ժամանակը և սկզբունքները» և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆ., պ. գ. դ. Աշոտ Փիլիպոսյանը՝ «Սաթ» բառարմատը պատմամշակութային, լեզվաբանական և առասպելաբանական դիտարկումների համատեքստում» թեմաներով։
Գիտաժողովի օրակարգը հագեցած էր: Մասնակիցները լսեցին ուշագրավ զեկուցումներ՝ բ. գ. դ., պրոֆ. Լալիկ Խաչատրյան, «Թվակազմական մասնիկների կիրառական արժեքը հին հայերենի բայական համակարգում», բ. գ. թ., դոցենտ Հասմիկ Պետրոսյան (ՀԱՊՀ լեզուների գիտակրթական կենտրոն), «Գիտատեխնիկական փոխառյալ տերմինների գործածությունը հայերենում», բ․ գ․ թ․, դոցենտ Արմենուհի Ավագյան (Շիրակի պետական համալսարան), «Բուսանուն և կենդանանուն բաղադրիչներով դարձվածքները Վ․ Անանյանի արձակում», բ․ գ․ թ․, դոցենտ Հենրիետա Սուքիասյան (Մխ․ Հերացու անվ․ ԵՊԲՀ) «Լ․ Մ․ Խաչատրյանի «Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարանի» կիրառական արժեքը», բ. գ. թ., դոցենտ Նարինե Հեքեքյան (Վ. Բրյուսովի անվան համալսարան) «Խնդրառական մի դեպքի մասին», մ. գ. թ., դոցենտ Մարգուշ Միրումյան (Խ․ Աբովյանի անվ․ ՀՊՄՀ), «Գիշեր և ցերեկ ժամանականիշ բառերով դարձվածային միավորների տարբերակներն արդի հայերենում», բ․ գ․ թ․, դոցենտ Հովհաննես Զաքարյան («Տաթև» գիտակրթական համալիր), «Նվեր և ցնծություն իմաստներով մի քանի բառերի ստուգաբանություն», բ. գ. թ., դոցենտ Գայանե Մխիթարյան (Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ) «Միջնադարյան կատակերգություններում հանդիպող անվանումների լեզվական քննություն», բ. գ. թ. Լուսինե Ղամոյան (Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ), «Հագուստ հասկացություն նշող բառերը ածանցավոր բաղադրություններում», բ. գ. թ. Հասմիկ Թադևոսյան (Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ), «Նորակազմ բժշկական բառանուններ 13-րդ դարի բժշկարաններում», բ. գ. թ. Տաթևիկ Մանուկյան (Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան), «Նորահայտ եզրերը Թովմա Իտալացու քերականության հայերեն խմբագրություններում», բ. գ. թ. Անդրանիկ Այվազյան (Վ. Բրյուսովի անվան համալսարան), «Լեզվի գործառույթների բնազդային հենքը», բ. գ. թ., դոցենտ Նորայր Պողոսյան (ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարան), «Աշխարհաբարի վաղ տարբերակները և դրանք զանազանող հատկանիշների ընտրությունը», բ. գ. թ., դոցենտ Սվետլանա Մանուչարյան (Գորիսի պետական համալսարան), «Անկանոն բայերը Սյունիքի տարածաշրջանի մի քանի բարբառային միավորներում», բ. գ. թ., դոցենտ Լուսինե Մարգարյան (Արցախի պետական համալսարան), «Հայ» և «թուրք» հասկացույթները հայկական և թուրքական բանահյուսական աղբյուրներում», բ. գ. թ., դոցենտ Սիլվա Մինասյան (Արցախի պետական համալսարան) «Միևնույն տեղանվան տարբերակները «Արցախի բնակավայրեր» գրքում», բ. գ. թ., դոցենտ Մհեր Քումունց (Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոն) «Բարբառագիտական մի քանի եզրույթների և ըմբռնումների շուրջ»։
Զեկուցումները կհրապարակվեն առանձին ժողովածուով։
Գիտաժողովի երկօրյա աշխատանքն ամփոփվեց առցանց զեկուցումներից հետո, պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ գիտաժողովն անցկացնել Լեզվի կոմիտեի հետ (ինչպես 2021 թվականին):