Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Թոմ Սոյեր» բազմասերիանոց մուլտֆիլմի լեզվի վերլուծություն

Մարկ Տվենի հանրահայտ ստեղծագործության էկրանավորման հայերեն կրկնօրինակումը լեզվական իմաստով կատարված է բավարար որակով։ Այնուամենայնիվ առկա են հանրային գրավոր ու բանավոր խոսքում տարածված սխալներ։ Առանձին բաժնով ներկայացրել ենք լեզվատրամաբանական սխալները, որոնք առավել վտանգավոր ենք համարում՝ նկատի ունենալով մանուկ ունկնդրին։

 

 

«Հեքը այնքան կմնա բանտում, մինչև ինչ-որ մեկը կապացուցի նրա անմեղությունը» (մաս 4-րդ)։

Ոչ թե մինչև կապացուցի, այլ մինչև ապացուցի (այլ օրինակներ՝ կսպասեմ մինչև գաս, կհսկենք մինչև լուսանա և այլն)։

Ճիշտ է՝ «Հեքը այնքան կմնա բանտում, մինչև ինչ-որ մեկն ապացուցի նրա անմեղությունը»։

 

«Ամեն օր գնալով շատանում են» (մաս 5-րդ)։

Խոսքը միջատների մասին է։ Նշված հատվածը սխալ է ձևակերպված։

Ճիշտ է՝ «Օրեցօր շատանում են» կամ «Գնալով շատանում են»։

 

«Մեղավորը մորաքույր Փոլին ու նրա մաքրության մոլուցքն էր» (մաս 7-րդ)։

Այստեղ թվային անհամաձայնություն կա։

Ճիշտ է՝ «Մեղավորը մորաքույր Փոլին ու նրա մաքրության մոլուցքն էին»։

Թվային անհամաձայնության այլ դեպքեր․

«Ինձ դուր է գալիս ձեր արկածների մասին քո նկարները» (մաս 15-րդ)։

Ճիշտ է՝ «Ինձ դուր են գալիս ձեր արկածների մասին քո նկարները/նկարներդ»։

«Սա հորս գործիքներն են» (մաս 17-րդ)։

Ճիշտ է՝ «Սրանք հորս գործիքներն են»։

 

«Այնտեղ առանց այն էլ շատ մարդաշատ է» (մաս 8-րդ)։

Մարդաշատ բառի մեջ շատ-ը կա, և այն պետք չէ կրկնել։

Ճիշտ է՝ «Այնտեղ առանց այն էլ մարդաշատ է» կամ «Այնտեղ առանց այն էլ շատ մարդ կա»։

 

«Ես այնքան էլ լավ չեմ մաքրություն անելիս» (մաս 9-րդ)։

Մաքրություն անելիս նշանակում է մաքրություն անելու ընթացքում։ Պարզ է, որ խոսքը դրա մասին չէ։ Բայը սխալ խոնարհմամբ է գործածվել։

Ճիշտ է՝ «Ես այնքան էլ լավ չեմ մաքրություն անելուց»։

 

«Այս անգամ նա ինձ չի հիմարեցնի» (մաս 16-րդ)։

Նշվածը ա խոնարհման բայ է, ուստի այն ստանում է ոչ թե եցն, այլ ացն պատճառական ածանցը։

Ճիշտ է՝ «Այս անգամ նա ինձ չի հիմարացնի»։

 

 

Հաճախադեպ սխալներ

 

«Հարցն էլ դրանում է, Էմմի» (մաս 11-րդ)։

Նշվածը սխալ արտահայտություն է՝ օտարաբանություն (ինչպես որ սխալ են՝ բանը դրանում է, խնդիրը դրանում է

Ճիշտ է՝ «Հարցն էլ դա է/Բանն էլ դա է, Էմմի»։

Նույն սխալի ևս երկու դեպք․

«Գրողի ծոցը եգիպտացորենը, հարցը դրանում չէ» (մաս 16-րդ)։

Ճիշտ է՝ «Գրողի ծոցը եգիպտացորենը, հարցը դա չէ/խնդիրը դա չէ»։

«Հարցը նրանում է, որ վկայական չկա» (մաս 17-րդ)։

Ճիշտ է՝ «Հարցն այն է/Բանն այն է, որ վկայական չկա»։

 

«Ոչ ոք իրավունք չունի անմեղ մարդուն բանտում պահել» (մաս 4-րդ)։

Այս պարագայում նշված բայը ուղիղ ձևով գործածելը սխալ է։

Ճիշտ է՝ «Ոչ ոք իրավունք չունի անմեղ մարդուն բանտում պահելու»։

Նույնն է․

«Մյուսները հնարավորություն չունեն նրանից առաջ ընկնել» (մաս 6-րդ)։

Ճիշտ է՝ «Մյուսները հնարավորություն չունեն նրանից առաջ ընկնելու»։

 

«Թոմ, այնքան ուրախ եմ քեզ նորից տեսնել» (մաս 17-րդ)։

Հանդիպման ուրախությունը հայերեն այսպես է արտահայտվում՝ այնքան ուրախ եմ, որ քեզ տեսա, ինչ լավ է, որ քեզ տեսա կամ ինչ լավ է, որ հանդիպեցինք և այլն։

Այստեղ ճիշտ է՝ «Թոմ, այնքան ուրախ եմ, որ քեզ նորից տեսա»։

«Ուրախ եմ Ձեզ ողջ-առողջ տեսնել» (մաս 19-րդ)։

Ճիշտ է՝ «Ուրախ եմ, որ Ձեզ ողջ-առողջ եմ տեսնում/Լավ է, որ Ձեզ ողջ-առողջ տեսա»։

 

«Եթե  միսը չբերես, ի՞նչ կլինի քո այդ հատուկ ընթրիքի հետ» (մաս 1-ին)։

Հետ կապի սխալ կիրառություն է՝ օտարաբանություն։

Այստեղ ճիշտ է՝ «Եթե  միսը չբերես, ի՞նչ կլինի քո այդ հատուկ ընթրիքը»։ Նախընտրելի է՝ «Եթե  միսը չբերես, ո՞նց ես գնալու քո այդ հատուկ ընթրիքին»։

Հետ կապի սխալ գործածության բազմաթիվ այլ դեպքերից մի քանիսը․

«Վստահ եմ, որ Հեքի հետ ամեն ինչ լավ կլինի» (մաս 4-րդ)։

Ճիշտ է՝ «Վստահ եմ, որ Հեքին ոչինչ չի պատահի»։ Այստեղ ճիշտ կլիներ՝ «Վստահ եմ, որ Հեքը դուրս կպրծնի»։

«Քո շնորհիվ նրա հետ ամեն ինչ լավ կլինի» (մաս 7-րդ)։

Այստեղ ճիշտ է՝ «Քո շնորհիվ նրան էլ վտանգ չի սպառնա»։

«Ի՞նչ ես արել նրա հետ։ Որտե՞ղ է Բեքին» (մաս 9-րդ)։

Ճիշտ է՝ «Ի՞նչ ես արել նրան։ Որտե՞ղ է Բեքին»։

«Մենք գաղտնի կպահենք, ու մեզ հետ ոչինչ չի լինի» (մաս 13-րդ)։

Ճիշտ է՝ «Մենք գաղտնի կպահենք, ու մեզ ոչինչ չի լինի/պատահի»։

«Բնակտորի հետ ի՞նչ ենք անելու» (մաս 19-րդ)։

Ճիշտ է՝ «Բնակտորն ի՞նչ ենք անելու»։

 

«Ես մի ծեր կնոջ տեսա, ով կարծես թե մոլորվել էր» (մաս 4-րդ)։

Այստեղ՝ ոչ թե ով, այլ որը։ Ով/ովքեր-ը գործածվում է միայն դերանունների հետ՝ նա, ով ևն։

Ճիշտ է՝ «Ես մի ծեր կնոջ տեսա, որը կարծես թե մոլորվել էր»։

 

«Նա ուզում է ապացուցել, որ ես չեմ կարող ապրել առանց նրա» (մաս 10-րդ)։

Սխալ դերանուն է գործածվել։ Այսպես ճիշտ կլիներ, եթե խոսքը վերաբերեր մի երրորդ անձի։

Ճիշտ է՝ «Նա ուզում է ապացուցել, որ ես չեմ կարող ապրել առանց իրեն»։

 

«Արի ամուր գրկեմ։ Ուզում եմ կիսվել քեզ հետ վարակով» (մաս 12-րդ)։

Որևէ բանով կիսվել-ը սխալ արտահայտություն է։

Ճիշտ է՝ «Արի ամուր գրկեմ։ Ուզում եմ վարակել քեզ»։ Պատկերավոր կամ հումորով կարելի էր ասել․ «Արի ամուր գրկեմ։ Ուզում եմ վարակիս կեսը քեզ տալ»։

 

«Մորաքույր Փոլիին պիտի օգնեի տները մաքրել» (մաս 11-րդ)։

Տան մասին հոգնակիով խոսելը առօրյա խոսքում տարածված սխալ է։

Ճիշտ է՝ «Մորաքույր Փոլիին պիտի օգնեի տունը մաքրել»։

«Կարծես թե մի քիչ չափերս անցա» (մաս 17-րդ)։

Սա նույնպես առօրյա խոսքի սխալներից է։ Այստեղ դարձյալ անհարկի հոգնակիություն կա։

Ճիշտ է՝ «Կարծես թե մի քիչ չափն անցա»։

 

«Դուք պետք է ինձ նման խելացի գտնվեիք» (մաս 14-րդ)։

Սա տարածված օտարաբանություն է։

Ճիշտ է՝ «Դուք պետք է ինձ նման խելացի լինեիք»։

 

«Դու ստել ես ինձ և ռիսկի տակ դրել բարեգործական վաճառքը» (մաս 15-րդ)։

Ստել-ը չեզոք սեռի բայ է, կրող չի պահանջում։ Մեկը կարող է առհասարակ ստել։ Բայց ինչ-որ մեկին նա ոչ թե կստի, այլ կխաբի (խաբել-ը ներգործական սեռի բայ է)։ Սա տարածված սխալ է, որը ոչ թե շրջանառել է պետք, այլ կանխել։

Նաև՝ ռիսկ օտար բառի փոխարեն այստեղ նախընտրելի է գործածել վտանգ-ը։

Ճիշտ է՝ «Դու խաբել ես ինձ և վտանգի տակ դրել/վտանգի ենթարկել բարեգործական վաճառքը»։

 

 

Լեզվատրամաբանական սխալներ

 

«Ե՞րբ ես վճարելու այն նարինջների գումարը։ Հաջորդ շաբա՞թ, թե՞ հաջորդ տարի» (մաս 1-ին)։

Նշվածը հայերեն մտածողությամբ կազմված նախադասություն չէ։

Ճիշտ է՝ «Ե՞րբ ես վճարելու այն նարինջների գումարը։ Եկող շաբա՞թ, թե՞ եկող տարի»։

 

«-Դու ինչո՞ւ ես այստեղ։

-Գողության» (մաս 4-րդ)։

Ճիշտ տարբերակները բազմաթիվ են։

Այստեղ նախընտրելի է՝  «-Քեզ ինչո՞ւ այստեղ բերեցին։/-Գողության մեղադրանքով»։

 

«Ցանկացած դեպքում Ջոն է ավազակ, իսկ Դուք՝ չէ։ Նա ինչո՞ւ չէ բանտում» (մաս 4-րդ)։

Ճիշտ է՝ «Իսկական ավազակը Ջոն է, ոչ թե Դուք։ Նա ինչո՞ւ բանտում չէ»։

 

«Տեսա՞ք, թե նրանցից ինչ արագաշարժ էինք» (մաս 5-րդ)։

Ճիշտ է՝ «Տեսա՞ք, մենք նրանցից արագաշարժ էինք»։

Այստեղ նախընտրելի է՝ «Տեսա՞ք մենք ինչ արագաշարժ էինք։ Նրանցից անցանք»։

 

«Ուզում եմ, որ դրամարկղս լեփ-լեցուն փող լինի» (մաս 6-րդ)։

Ճիշտ է՝ «Ուզում եմ, որ դրամարկղս լեփ-լեցուն լինի» կամ «Ուզում եմ, որ դրամարկղս լիքը փող լինի»։

 

Երեխաները նավով մեկնում են, Հեքը նրանց հետևից ձայն է տալիս․

«- Վայելե՛ք ձեր էքսկուրսիան։ Ավելի լավ է այստեղ» (մաս 6-րդ)։

Պարզ չէ, թե ինչ է ուզում ասել։

Կա՛մ «Ավելի լավ է՝ մնամ այստեղ», կա՛մ «Այստեղ ավելի լավ է»։

 

«Շերիֆն ամեն ինչ վերադարձրեց։ Մինչև վերջին ցենտն այստեղ է» (մաս 9-րդ)։

Ճիշտ է՝ «Շերիֆը մինչև վերջին ցենտը վերադարձրեց։ Ամբողջ փողն այստեղ է»։

 

«Այստե՛ղ»,- ձայն է տալիս Բեքին՝ իր մոտ կանչելով ընկերներին (մաս 12-րդ)։

Հայերենում ճիշտ է՝ եկեք կամ եկեք այստեղ/այստեղ եկեք։

 

«Ցանցը քո ձախ կողմում է թաքնված, Թոմ»։ Նշված բառը ենթագրում գրված է՝ թաքցված (մաս 14-րդ)։

Առաջին տարբերակը սխալ է (ցանցը չէր կարող ինքնիրեն թաքնվել), երկրորդը՝ անբարեհունչ։

Այստեղ ճիշտ է՝ «Ցանցը քո ձախ կողմում եմ թաքցրել, Թոմ»։

 

«- Ես հարցրի՝ կուզենա՞ կրոկետ խաղանք, բայց նա ասես չէր էլ լսում»։

-Չեմ կարծում։ Նա երևի քեզ չի լսել» (մաս 19-րդ)։

Չէ՞ որ Սիդն ինքն է Թոմին ասում, որ ընկերը ասես չի լսել, և ավելորդ է Թոմի հերքումը, թե՝ երևի չի լսել։

Ճիշտ է, օրինակ՝ «-Ես հարցրի՝ կուզենա՞ կրոկետ խաղանք, բայց նա չուզեց պատասխանել/չպատասխանեց»։

-Չեմ կարծում։ Նա երևի քեզ չի լսել»։

Կամ՝ «- Ես հարցրի՝ կուզենա՞ կրոկետ խաղանք, բայց նա չլսելու տվեց»։

-Չեմ կարծում։ Նա իրոք/իսկապես քեզ չի լսել»։

 

Այլ նկատառումներ

Բազմաթիվ են ոչ գրական բայական ձևերը, որոնք հատկապես մուլտֆիլմում հնչեցնելը հանձնարարելի չէ․

Դրանցից են՝ մի անհանգստանա, մի ուշանա, մի վշտանա, մի ձևացնի, մի անի և այլն։

 

Ձայնարկությունները նույնպես թարգմանելի միավորներ են։ Մինչդեռ մուլտֆիլմի գրեթե բոլոր մասերում լսում, ենթագրերում կարդում ենք անգլերեն յու-հո՛ւ ձայնարկությունը։ Տարբեր իրավիճակներում դրան համապատասխանում են հայերեն հե՛յ, է-հե՛յ, ահա՛, դե՛ և այլ ձայնարկություններ։  

 

Ենթագրերում բազմաթիվ են բանավոր խոսքի հետ անհամապատասխանությունները, անճշտությունները։

 

 

Երազիկ Գրիգորյան