Հաղորդաշարը մշտադիտարկելիս նկատվել են լեզվական որոշ թերություններ, որոնց հարկ է ուշադրություն դարձնել։
Զգալի է, որ հաղորդավարները (Վարդգես Բաբայան, Անուշ Առաքելյան (այսուհետև՝ Վ․ Բ․, Ա․ Ա․)) հաճախ են գործածում օտարաբանություններ։
Ի դեպ, հաղորդաշարի անվանման մեջ կա կետադրական անճշտություն։ Քանի որ Կենտրոն-ը հեռուստաընկերության անվանումն է, պետք է առնել չակերտների մեջ։
Ստորև բերում ենք արձանագրված սխալների օրինակներ։
10.11.2022
«Շատ հաճախ մենք կիրառում ենք, բայց հարմար չի» (Ա․ Ա):
Բաղադրյալ ստորոգյալների հետ գործածվում է ոչ թե չի, այլ չէ ձևը։
Պետք էր ասել․ «Շատ հաճախ մենք կիրառում ենք, բայց հարմար չէ»։
Այս սխալը հաղորդավարների խոսքում հանդիպում է հաճախ։ Դրան պետք է ուշադրություն դարձնել։
«Երբ կանայք ամբողջ օրը քայլում են բարձրակրունկների վրա» (Ա․ Ա․):
Թերևս ճիշտ կլիներ ասել, օրինակ․ «․․․․ քայլում են բարձրակրունկ կոշիկներով»։
«Ես հեծանիվից էլ, մոտոցիկլետից էլ վախում եմ» (Ա․ Ա․)։
Նշված բայի գրական ճիշտ ձևը վախենալ-ն է։
Հարկավոր էր ասել՝ վախենում եմ։
«Ինձ թվում է՝ վերջ․ ինքը կգնա, ու․․․» (հեծանիվի մասին, Ա․ Ա․), «Պետք է խնայել, որովհետև ինքը թանկ հաճույք է» (11.11.2022, ջրի մասին, Ա․ Ա․ ) «Ի վերջո, ինքը շատ լավ հարթակ է ․․․․» (14․11․2022, Վ․ Բ․), «Ինքը պետք է էդպես հալչի ․․․․» (ձվի մասին, 15․11․2022, Վ․ Բ․)։
Ինքը անձնական դերանունը պետք է գործածել այն դեպքերում, երբ մատնանշում է անձ։ Հաղորդավարների ուշադրությունը հրավիրում ենք նաև տվյալ հանգամանքի վրա, քանի որ այս սխալը նույնպես կրկնվում է հաճախ։
Վերջին օրինակում հալչել բառի գործածությունը ևս ճիշտ չէ, որովհետև, որքան էլ ընկալենք փոխաբերական իմաստով, ձուն չի հալչում։
11.11.2022
«․․․․ հետևեք մեր հաղորդմանը, որովհետև սպասվում է հետաքրքիր հյուրեր, իրադարձություններ և, իհարկե, աննկարագրելի համեղ խոհանոց» (Վ․ Բ․)։
Կան անհաջող ձևակերպումներ․ հյուրերը, իրադարձություններն ու խոհանոցը չեն կարող սպասվել։
Կա նաև թվային անհամաձայնություն։
Նախադասությունը պետք էր կազմել այլ կերպով։
«․․․․ կխնդրեմ՝ ներկայացնեք՝ ինչո՞ւմ է կայանում այս անգամ, օրինակ, առավելությունը» (Ա․ Ա․):
Դարձյալ գործ ունենք օտար լեզվական կաղապարի հետ։
Ճիշտ կլիներ ասել․ «․․․․ կխնդրեմ՝ ներկայացնեք՝ ի՞նչն է այս անգամ, օրինակ, առավելությունը»:
«Խոսքը գնում է տղաների մասին» (Վ․ Բ․):
Այսպիսի դեպքերում էլ ճիշտ է հրաժարվել գնալ բառը գործածելուց։
Պետք էր ասել․ «Խոսքը տղաների մասին է»:
«Բայց ես մի հատ էլ հարց ունեմ Վլադին» (Վ․ Բ․):
Խոսքը կշահի, եթե նման դեպքերում հատ-ը չգործածվի։
Նպատակահարմար էր ասել․ «Բայց ես մի հարց էլ ունեմ Վլադին»։
«Ես կարծում եմ, որ ևս մեկ անգամ առիթ կա հեռուստադիտողին նշելու, որ նոյեմբերի 12-ին ․․․․» (Ա․ Ա․):
Այստեղ նույնպես պակասում է անհրաժեշտ կապը։
Ճիշտ կլիներ ասել․ «Ես կարծում եմ, որ ևս մեկ անգամ առիթ կա հեռուստադիտողի համար նշելու, որ նոյեմբերի 12-ին ․․․․» (Ա․ Ա․):
«Դուք շարունակեք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության մնացած հաղորդումները ․․․․» (Ա․ Ա․):
Կա խնդրառական անճշտություն։
Պետք էր ասել․ «Դուք շարունակեք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության մնացած հաղորդումներին ․․․․»։
14․11․2022
«․․․․ վարսակի փաթիլներով փորձել եմ պատրաստել։ Չի ստացվել ինձ մոտ» (Ա․ Ա․):
Բավական տարածված սխալ արտահայտություն է։ Այստեղ կարելի էր ասել, օրինակ՝ ինձ չի հաջողվել կամ, պարզապես, չի հաջողվել։
«Ցավոք սրտի, չհասցրեցինք» (Վ․ Բ․):
Պետք էր ասել՝ չհասցրինք։
Պատճառական բայերի խոնարհման մասին մենք ունենք հրապարակում[1], որն առաջարկում ենք ընթերցել։
«Մի անգամ չհարցրեցի, չէ՞» (Վ․ Բ․)։
Հարցնել բայը թեև պատճառական չէ, բայց ձևով նրանց նման լինելու պատճառով խոնարհվում է նույն սկզբունքով։
Հարկավոր էր ասել՝ չհարցրի։
«Մրցույթում ովքե՞ր են մասնակցելու» (Ա․ Ա․)։
Ճիշտ չէ հոլովառությունը․ մասնակցում են ոչ թե մրցույթում, այլ մրցույթին։
«Չնայած որ մենք սրանով չենք զարմանում ․․․․» (Ա․ Ա․)։
Նման դեպք է նաև այստեղ․ զարմանում են ինչ-որ բանից։
Հարկավոր էր ասել․ «Չնայած որ մենք սրանից չենք զարմանում ․․․․»։
«․․․․ որի կապակցությամբ էլ տաղավարում հրավիրել ենք ․․․․ Զավեն Խաչատրյանին» (15․11․2022 Ա․ Ա․):
Ինչպես տեսնում ենք, այս բնույթի սխալները եզակի չեն։
Տվյալ դեպքում էլ պետք էր ասել․ «․․․․ որի կապակցությամբ էլ տաղավար հրավիրել ենք ․․․․ Զավեն Խաչատրյանին»։
«Ճանաչո՞ւմ էին միանգամից Մանսուրյանին։ Կայի՞ն դպրոցներ, որտեղ ճանաչում կար կամ չկար» (Ա․ Ա․)։
Ճիշտ ձևակերպում չէ։ Կա նաև տրամաբանական անհարթություն։
Պետք էր ասել այլ կերպով։
«Սկսած գիտությունից, վերջացրած, չգիտեմ, երաժշտությունից, բիզնեսից» (Ա․ Ա․), «․․․․ սկսած հոլիվուդյան, էսպես ասած, շուկայից, վերջացրած, չգիտեմ, եվրոպական աստղերից ․․․․» (15․11․2022, Վ․ Բ․):
Ճիշտ է, երբ որևէ բանից սկսում և ավարտում են որևէ բանով։
Պետք էր ասել․ «Սկսած գիտությունից, վերջացրած, չգիտեմ, երաժշտությամբ, բիզնեսով», «․․․․ սկսած հոլիվուդյան, էսպես ասած, շուկայից, վերջացրած, չգիտեմ, եվրոպական աստղերով ․․․․»։
«․․․․ ունենք, էսպես ասած, դարերի պատմություն ունեցող շինություններ, եկեղեցիներ, որոնց պետք է պահել, պահպանել ․․․․» (Ա․ Ա․):
Շինություններն ու եկեղեցիներն անհարկի չանձնավորելու համար հարկավոր էր գործածել որոնք ձևը․ «․․․․ որոնք պետք է պահել, պահպանել ․․․․»։
15․11․2022
«․․․․ ի՛նչ ինքնավստահություն կա այսօր այս երիտասարդ սերնդի մոտ ․․․․» (Ա․ Ա․):
Այն դեպքերից է, երբ մոտ կապը գործածվում է անտեղի։
Պետք էր ասել․ «․․․․ ի՛նչ ինքնավստահություն ունի այսօր այս երիտասարդ սերունդը ․․․․»:
«․․․․ հենց էդ պատասխանատվությամբ էլ կվերաբերեն էդ գործին ․․․․» (Ա․ Ա․):
Վերաբերել և վերաբերվել բառերն ունեն տարբեր իմաստներ։ Այս մասին նույնպես Լեզվի կոմիտեն ունի հրապարակում[2]։
«Բոլորս տանը պիտի ունենայինք էդ կասետները» (10․11․2022, Ա․ Ա․):
Նշված օտարաբանության փոխարեն ճիշտ է գործածել ձայներիզ բառը։
«Հենց իր կերպարի պրոտոտիպն է էնտեղ ․․․․» (10․11․2022 Ա․ Ա․):
Այս բառը նույնպես ունի իր հայերեն համարժեքը։ Այն է՝ նախատիպ։
«Ձայնը շատ պոպուլյար է ․․․․» (10․11․2022, Ա․ Ա․):
Ճիշտ կլիներ ասել՝ հանրաճանաչ է, հանրահայտ է։
«Հիմա ֆոտոներ են լինելու էկրանին» (10.11.2022, Ա․ Ա․), «Շնորհանդեսի ֆոտոներն են» (10.11.2022, Վ. Բ․), «Հիմա, բնականաբար, ֆոտոները կտեսնեք» (14․11․2021, Ա․ Ա․):
Նշված բոլոր դեպքերում անհրաժեշտ էր գործածել լուսանկար բառը։
«Կարելի է կամերաներից մեկը անջատել» (11․11․2022, Վ․ Բ․)։
Այստեղ էլ պետք էր գործածել տեսախցիկ-ը։
«Չկա ․․․․ իմ սալիկը քո սալիկից բարձր է կարգավիճակը պոդեզդներում» (11.11.2022, Ա․ Ա․):
Պոդեզդ-ը հայերեն մուտք-ն է, և այն գործածվում է վաղուց։
Հավելենք, որ հաղորդումներում հաճախ հնչող էս, էդ, էսպես, էդպես և նման այլ խոսակցական բառաձևերի փոխարեն նպատակահարմար է գործածել այս, այդ, այսպես, այդպես գրական ձևերը։
Լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ՝
Գուրգեն Միքայելյան
[1] Լեզվիկոմիտե․հայ
[2] Լեզվիկոմիտե․հայ