Հայկական եթերում սակավաթիվ են մանկական հաղորդաշարերը։ Մեր ֆիլմարտադրողները չեն նկարահանում մանկական գեղարվեստական ֆիլմեր, գրեթե չեն նկարահանում մուլտֆիլմեր։ Դաշտը մասամբ «ծածկում է» օտար արտադրանքը, որը, սակայն, կա՛մ չի թարգմանվում, կա՛մ թարգմանվում է անբավարար բծախնդրությամբ, ինչպես որ այս սիրված մուլտֆիլմը։
Մենք չպիտի մոռանանք, որ երեխաների ուշադրությանը ներկայացված ամեն բան նաև որպես դասագիրք է ծառայում։
Գրյուն՝ անճոռնի եսը, ասում է․ «Մարդիկ սկսել են բուրգ գողանալը կոչել դարի չարագործությունն ու նման բաներ»։
Մարդիկ կարող են ասել, որ բուրգ գողանալը դարի չարագործությունն է։ Բայց այդ մասին պատմողը նշված բառը պետք է առանց որոշիչ հոդի գործածի։
Այսպես՝ «Մարդիկ սկսել են բուրգ գողանալը կոչել դարի չարագործություն ու նման բաներ»։
Մուլտֆիլմի կերպարներից միսս Հաթին հարցնում է․ «Աղջիկնե՛ր, շա՞տ թխուկներ եք վաճառել»։ Աղջիկները պատասխանում են․ «Գրեթե»։
Հայերեն այսպես չեն պատասխանի։
Ճիշտ է՝ բավականին կամ բավական շատ։ Այստեղ նախընտրելի է՝ ահագին շատ։
Միստր Փերքինսը Գրյուին ասում է․ «Կուզեի տեսնել սեղմաճառագայթը»։ Գրյուն պատասխանում է․ «Միանշանակ ցույց կտամ»։
Այս ածականը, որ նշանակում է մի իմաստ, մի նշանակություն ունեցող, վերջին տարիներին համառորեն գործածվում է որպես հաստատական վերաբերական։ Բայց գոնե երեխաների աշխարհ պետք չէ բերել այս բառը։ Մուլտֆիլմում միանշանակ-ը կարելի է համարել առնվազն անհանձնարարելի՝ անգամ եթե անճոռնին է գործածում։
Իհարկե, անպայման, հաստատ, անպատճառ, անկասկած և վերջապես՝ այո։ Այս շարունակելի շարքից, հանուն երեխաների և հանուն հայերենի, մենք կընտրեինք անպայման-ը․ «Անպայման ցույց կտամ»։
Մուլտֆիլմում այս սխալը կրկնվում է։
«- Փաստորեն նա՛ էր քեզ նոր աշխատանք առաջարկել։
- Միանշանակ»։
Այստեղ ճիշտ կլիներ՝ Այո՛, հենց նա։
Դարձյալ անճոռնի Գրյուն. «Եկեք էսպես անենք։ Նախ և առաջին՝ մի քանի կանոններ»։ Նախ և առաջ կամ առաջին հերթին։ Իսկ այն, ինչ ասում է Գրյուն՝ ճիշտ չէ։
Քիչ հետո Գրյուն աղջիկներին ասում է․ «Չի կարելի խանգարել, քանի դեռ աշխատում եմ»։
Ձևակերպումը պատճենված է թարգմանվող լեզվից։ Օրինակ, ռուսերեն ասում են․ «Не мешайте, пока работаю»։
Այս պարագայում հայերեն ճիշտ է․ «Չի կարելի խանգարել, երբ աշխատում եմ»։
Իսկ քնելուց առաջ Գրյուն ասում է․ «Չթողնե՛ք տիզերը կծեն ձեզ, որովհետև ձեր մահճակալների մեջ հազարավոր տիզեր կան»։
Իսկ եթե տիզերը քիչ լինեին, կարելի՞ էր թողնել, որ կծեն։
Որովհետև շաղկապը պատճառի պարագա երկրորդական նախադասությունը կապակցում է գլխավորին։ Եթե այս շաղկապը ճիշտ գործածված լիներ, ինչո՞ւ հարցին տրվող պատասխանը, օրինակ, այսպիսին կլիներ․ «Չթողնե՛ք տիզերը կծեն ձեզ, (ինչո՞ւ) որովհետև եթե կծեն, կցավի, ու լաց կլինեք»։
Սխալից խուսափելու բազմաթիվ եղանակներ կան։ Ահա՛ դրանցից մեկը․ «Չթողնե՛ք տիզերը կծեն ձեզ։ Ձեր մահճակալների մեջ հազարավոր տիզեր կան»։
Հերոսներից մեկը Գրյուին ասում է․ «Սպասում էի քեզ ցույց տալ»։
Սա հայերեն չէ։
Ճիշտ կաներ՝ ասեր․ «Սպասում էի, որ քեզ ցույց տամ»։
«Ի՞նչ ենք անելու մյուս մարդկանց հետ, ովքեր թխուկներ են պատվիրել»։
Հետ կապի՝ մեջբերման մեջ նշված կիրառությունը օտարաբանություն է։ Այստեղ սխալ է նաև ովքեր-ը։ Ոչ թե մարդկանց, ովքեր, այլ մարդկանց որոնք (ով/ովքեր-ը միայն դերանունների հետ են գործածվում՝ նա, ով/նրանք, ովքեր)։
Ճիշտ է՝ «Ի՞նչ ենք պատասխանելու մյուս մարդկանց, որոնք թխուկներ են պատվիրել»։ Ըստ համատեքստի՝ նախընտրելի է՝ «Հապա/Բա այն մարդի՞կ, որոնք թխուկներ են պատվիրել»։
Հրաձգարանի աշխատողն ասում է․ «Դուք ուղղակի պետք է կրակեք տիեզերանավը»։ Ձևակերպումը սխալ է։ Կրակում են որևէ բանին կամ որևէ բանի վրա։
Ճիշտ կլիներ՝ «Դուք ուղղակի պետք է կրակեք տիեզերանավի վրա» կամ «Դուք ուղղակի պետք է կրակեք տիեզերանավին»։
Գրյուն մինյոններին ասում է․ «Փող չկա։ Ուրեմն ինչպե՞ս ենք հասնելու Լուսին։ Պատասխանը ակնհայտ է՝ ոչ մի ձև»։
Որևէ կերպ հնար լիներ եթերային խոսքից դուրս մղել այս արտահայտությունը։ Գոնե մանուկներին ուղղված խոսքից։ Այդ դեպքում Գրյուն կասեր՝ ոչ մի կերպ։
Գրյուն հեքիաթ է կարդում․ «Չնայած գիշերը մենք անջատ կլինենք, բայց փիսիկ մայրիկը սիրում է ձեզ»։
Սխալ ձևակերպում է։
Ճիշտ է՝ «Մենք գիշերը միասին չենք լինի» կամ «Մենք գիշերը իրար հետ չենք լինի»։
Աղջիկները Գրյուի մասին ասում են․ «Լավն է։ Եվ վախենալու»։
Տարածված սխալ է այս ածականի ալի վերջածանցի փոխարել ալու գործածելը։
Ճիշտ է՝ «Լավն է։ Եվ վախենալի»։
Գրյուն շարունակում է սխալ խոսել․ «Ի դեպ, մտածում էի՝ գուցե տեղափոխեն ամսաթիվը»։
Միջոցառումը կարելի է տեղափոխել, բայց ամսաթիվը ոչ թե տեղափոխում, այլ փոխում են։
Այսպես՝ «Ի դեպ, մտածում էի՝ գուցե փոխեն ամսաթիվը»։
Գրյուի հեքիաթը շարունակվում է․ «Միաեղջյուրը կարծում էր, որ թե երջանիկն է համայն աշխարհի»։
Որ և թե շաղկապները միասին գործածելը ճիշտ չէ։ Կարծել բայի հետ նախընտրելի է թե-ն։
«Միաեղջյուրը (կա նաև այս բառի միեղջյուր ձևը) կարծում էր, թե երջանիկն է համայն աշխարհի»։
Ապա՝ «Հիմա նա (միեղջյուրը) գիտի, որ փիսիկները ընդմիշտ փոխել են նրա աշխարհը»։ Փիսիկները մեկ ուրիշի աշխարհը չեն փոխել, այլ հենց միեղջյուրի։ Ուրեմն ոչ թե նրա, այլ իր։ Տարածված սխալ է։
Այսպես՝ «Հիմա նա գիտի, որ փիսիկները ընդմիշտ փոխել են իր աշխարհը»։
Անճոռնի Գրյուն բարեկիրթ է, և չպիտի ասի՝ ուրեմ․ «Լավ, ուրեմ տորթը կտրելու ժամանակն է»։
Պետք է ասի․«Լավ, ուրեմն տորթը կտրելու ժամանակն է»։
«Դոկտոր Նեֆարիոն օժտվում է բարձրագույն պատվո շքանշանով»։
Շքանշանով ոչ թե օժտվում են, այլ պարգևատրվում։
«Դոկտոր Նեֆարիոն պարգևատրվում է բարձրագույն պատվո շքանշանով»։
Դոկտոր Նեֆարիոն ասում է․ «Գնացեք ձեր գործերով»։
Հայերենում գործերով չեն գնում։ Նորից թարգմանենք։ Ահա՝ «Գնացեք ձեր գործին» կամ «Զբաղվեք ձեր գործերով»։
«Դու ականատես եղար մի մարտարվեստի, որը վերջերս եմ սովորում»։
Ականատես կարելի է լինել մարտարվեստի հնարքներին, այլ ոչ մարտարվեստին։ Երկրորդ ընդգծումը սխալ ձևակերպում է։
«Դու ականատես եղար մի մարտարվեստի հնարքների, որը վերջերս եմ սովորել/վերջերս եմ սկսել սովորել/նոր եմ սովորել»։
«Նրա լավի համար»,- ասում են մինյոնները։
Լավ կլիներ՝ երեխաները մինյոններից լսեին՝ «Հանուն նրա»։
«Կարծում եմ՝ դու պիտի շրջես տարածքով»,- ասում է Լյուսին։
Շրջում են ոչ թե տարածքով (քաղաքով, փողոցով և այլն) այլ տարածքում (քաղաքում, փողոցում և այլն)։
Ուրեմն՝ «Կարծում եմ՝ դու պիտի շրջես տարածքում»։
«Շնորհավորում եմ, դու հաղթում ես վատագույն ժամադրության մրցանակը»։
Մրցանակը չեն հաղթում։ Հաղթում են մրցույթում։ Իսկ մրցանակը շահում, ստանում են։
«Շնորհավորում եմ, դու հաղթում ես վատագույն ժամադրության մրցույթում» կամ «Շնորհավորում եմ, դու շահում ես/ստանում ես վատագույն ժամադրության մրցանակը»։
«Հարազատս, որքան ուրախ եմ տեսնել քեզ», «Ուրախ եմ քեզ տեսնել, Գրյու»։
Օտարալեզու ֆիլմերը, մուլտֆիլմերն ու հաղորդումները հայերեն թարգմանությամբ հեռարձակելը ոչ միայն ցանկալի է, այլև օրենքի պահանջն է։ Համացանցում տեղադրված՝ դրանք հասանելի են աշխարհի ցանկացած վայրում ապրող հայերին, և հնարավորության չափով հայերենապահպանման խնդիր են լուծում։ Վատ թարգմանվելու դեպքում դրանք նաև ամենամեծ խողովակն են, որով մեր լեզու են թափանցում սխալ կամ մեր մտածողությանը խորթ արտահայտություններ ու տարածվում այնտեղ, որտեղ հայեր կան։ Վերևում այդպիսի օրինակներ շատ կան։ Այս նշված արտահայտությունն էլ դրանցից մեկն է։ Рад тебя видеть՝ ասում է ռուս մարդը։ I am glad to see you` ասում են անգլիախոսները։ Ամեն բառն առանձին թարգմանելով ստանում ենք՝ ուրախ եմ քեզ տեսնել։ Բայց սա հայերեն չէ, թեև արդեն տարածվել է ու հաճախ չի էլ ընկալվում որպես լեզվական սխալ։
Հայերեն է՝ ուրախ եմ, որ տեսա քեզ կամ ուրախ եմ, որ հանդիպեցինք։ Նախընտրելի է՝ ինչ լավ է, որ տեսա քեզ կամ լավ էր, որ հանդիպեցինք և այլն։
Երազիկ Գրիգորյան