Լեզվի կոմիտեն ստեղծվել է 1993 թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ Կառավարության հմ. 531 որոշմամբ՝ որպես ՀՀ Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն։
Նորաստեղծ տեսչությունն ուներ քսանչորս հաստիքային և գրեթե նույնքան պայմանագրային աշխատող, մի քանի վարչություն, բաժիններ, մասնավորապես՝ գիտական հարցերի, կրթության, լեզվական վերահսկողության, սփյուռքի հետ կապերի, լրատվության։ Տեսչությունը պետական լեզվական քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմինն էր։ Նրան կից 1995-ից գործում էր Տերմինաբանական կոմիտեի իրավահաջորդ Հայերենի բարձրագույն խորհուրդը, որը լեզվական տարաբնույթ հարցերի վերաբերյալ ընդունել է բազմաթիվ որոշումներ (2013-ից դադարեցրել է գործունեությունը)։
Ստեղծման օրվանից տեսչությունը վերահսկողական գործառույթներ է իրականացրել հանրային կյանքի բոլոր ոլորտներում։
Հայերենի ուսուցման ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ կազմակերպել է դասընթացներ ինչպես պետական մարմինների աշխատողների, այնպես էլ դպրոցականների համար։
Տեսչության ուշադրության կենտրոնում միշտ եղել է զանգվածային տեղեկատվական միջոցների լեզուն։ Հեռուստատեսության և ռադիոյի հետ համագործակցությամբ կազմակերպել է լեզվական հաղորդումներ, մամուլում հրապարակել, լրատվամիջոցներին է ուղարկել լեզվական սխալների վերաբերյալ ամփոփագրեր։ 2011 թվականին հրատարակել է «Լեզվաշխարհ» հանդեսը։
2002 թ․ ՀՀ Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը վերակազմակերպվել է և դարձել ՀՀ կրթության և գիտության նախարարության առանձնացված ստորաբաժանում։
2018 թվականին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն, Լեզվի տեսչությունը դարձել է Լեզվի կոմիտե։
Լեզվի կոմիտեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա մարմին է։
Կոմիտեն ունի երկու բաժին (լեզվական վերահսկողության, վարչական իրավախախտումների), տասնինը աշխատող։