Հակառակ իրավական երանգավորմամբ վերնագրին՝ ընթերցողն անշուշտ հասկացավ, որ մենք խոսելու ենք լեզվական «ընթացակարգերից»։ Այլ կերպ ասած՝ թե ե՛րբ պետք է գործածել սեփականաշնորհել, ե՛րբ՝ սեփականացնել բառը, և թե իմաստային ի՛նչ տարբերություններ ունեն դրանք։
Այս բառերի գործածության շփոթն առաջացել է վաղուց՝ 1990-ական թվականներից, երբ սկսվեցին սեփականաշնորհման ու սեփականացման գործընթացները։
Սեփականացնելը իր սեփականը, իրենը դարձնելն է։
Իսկ սեփականաշնորհել նշանակում է «Անհատին կամ կոլեկտիվին պետական ունեցվածք հանձնել, շնորհել, վաճառել, մասնավորի սեփականություն դարձնել, ապապետականացնել։ Մասնավորեցնել»։
Իմաստների տարբերությունն ակնհայտ է․ մի կողմը (պետությունը) սեփականաշնորհում է, մյուս կողմը (օրինակ՝ քաղաքացիները)՝ սեփականացնում։
Տարօրինակ է, որ այս շփոթությունը շարունակվում է տասնամյակներ, և մինչև այսօր շատերը սեփականացնել բառի փոխարեն գործածում են սեփականաշնորհել–ը։
Քանի որ վերջինս հոմանիշ է մասնավորեցում, մասնավորեցնել բառերին, խոսենք նաև դրանց մասին։
Մասնավորեցում բառը նշանակում է «մասնավոր դարձնել»։
Ճի՛շտ է (իհա՛րկե՝ բառի գործածության առումով), երբ մասնավորեցվում է պետական գույքը, կազմվում է պետական գույքի մասնավորեցման ծրագիր, տրվում է հաշվետվություն մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ և այլն։
Նշված լեզվական սխալներն ուղղելու համար հարկավոր է ընդամենը հիշել բառերի իմաստները, և հեշտ կլինի կողմնորոշվել, թե դրանցից ո՛րը ե՛րբ պետք է գործածել։
Գուրգեն Միքայելյան
