Բջիջների ցանցը, որ պատրաստում են մեղուները, անվանում ենք մեղրահաց կամ այլ կերպ՝ մեղրախորիսխ (անգլ․ honey comb, ռուս․ cоты)։ Ամեն մի մեղրահաց բաղկացած է երկկողմանի վեցանկյուն բջիջներից։
Հաճախ մեղուների պատրաստած այդ ցանցը սխալմամբ անվանում ենք մեղրամոմ։ Տեսնենք, թե ի՛նչ է մեղրամոմը։ Մեղվաբուծության դասագրքերում այն բացատրվում է այսպես․ մեղուների արտադրած մոմանման զանգվածը կամ մոմը անվանում ենք մեղրամոմ (անգլ. wax, bee’s wax, ռուս․ воск, пчелиный воск)։ Մեղրամոմն արտադրվում է աշխատավոր մեղուների որովայնի վրա գտնվող հատուկ գեղձերից:
Բացատրությունից պարզ է դառնում, որ մեղրամոմն այն նյութն է, որն արտադրում են մեղուները, իսկ մեղրահացը (մեղրախորիսխը) այդ նյութից պատրաստված/հյուսված ցանցն է, որտեղ նրանք ձվադրում և մեղր են լցնում։
Տարբերակե՛նք մեղրամոմն ու մեղրահացը։
Հենց որ հյուրը նստում էր, առաջն էին դնում մի հաստ կոճղ, բերում անագեպատ մի ահագին ափսե` մեջը տեսակ–տեսակ թխվածքներ, մեղրահաց, համեղ պանիր:
Ֆրանց Վերֆել «Մուսա լեռան քառասուն օրը»
