Գրաբարում ՎԵՐԵԼԱԿ բառ ենք ունեցել, որի մի տարբերակն էր ՎԵՐԵԼԵԱԿ-ը։ Նոր հայկազյան բառարանը ՎԵՐԵԼԱԿ գոյականը բացատրում է որպես «վրան ելած, ձիավոր», ինչպես նաև «կառք, նավ նստած», ժողովրդական լեզվով՝ «վրան նստողը»։
Ստեփանոս Մալխասյանցի կազմած բացատրական բառարանում պարզաբանվում է, որ ՎԵՐԵԼԱԿ է կոչվում այն մարդը մանավանդ, որ անվարժ, ոչ հմուտ է ձի հեծնելու կամ կառքը վարելու։ Այդպես հակադրություն է ստեղծվում վարժ հեծյալի համեմատ, որ ինքն է ղեկավարում ձին կամ կառքը։
V դ․ «Գիրք պիտոյից» երկում բառը գործածել է Մովսես Խորենացին․ «Գահավիժութիւն հանդերձ ՎԵՐԵԼԱԿԱՒՆ» (Գահավիժություն հեծյալի հետ), Հովհան Իմաստասեր Օձնեցի կաթողիկոսը (VII-VIII դդ․)՝ «Ատենաբանութիւն» աշխատության մեջ ․ «Ձի ոք նորավարժ ոչ կարացեալ յինքենէ ԶՎԵՐԵԼԱԿՆ իւր ի բաց ոստուցանել»։
Հր․ Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» ՎԵՐԵԼԱԿ-ը դրված է ԵԼ (> ելանել) արմատի բառահոդվածում և բացատրված այսպես՝ «ձի (կամ նավ) հեծած անձը»։
Հին հայերենում ՎԵՐԵԼԱԿԵԼ «վրան ելնել նստել» բայ կա։
Դարերով ՎԵՐԵԼԱԿ բառը չէր գործածվում, մոռացվել էր։
Նոր ժամանակներում գործածության մեջ հայտնվեց ՎԵՐԵԼԱԿ կազմությունը։ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում (լույս է տեսել 1896 թ․), օրինակ, ՎԵՐԵԼԱԿ բառով այսպիսի նախադասություններ կան․
«Ավելի խիզախ խմբերը սանդուղքներ ու ՎԵՐԵԼԱԿՆԵՐ էին ամրացնում պարսպի ու աշտարակների վրա և աշխատում էին դեպի վեր բարձրանալ»։
«Նրանք այրեցին հայոց մի աշտարակը, անպիտանացրին մի քանի խոյեր և իրանց երկաթե կարթերով ու ձողերով գլորեցին և կործանեցին բազմաթիվ սանդուղքներ և ՎԵՐԵԼԱԿՆԵՐ»։
«Զորքը պարապած էր կախարաններ ու ՎԵՐԵԼԱԿՆԵՐ պատրաստելով»։
Պարզից էլ պարզ է, որ խոսքը պաշարված բերդի պարիսպը մագլցելու հարմարանքի մասին է։ Այս բառը մեզ ինչ-որ չափով հիշեցնում է ծանոթ վերելակը, որ մեծ քաղաքներում ծանոթ, ժամանակակից հասկացություն է։
Ժամանակակից վերելակները բազմահարկ շենքերում և հանքահորերում աշխատող վերամբարձ մեքենաներ են բարձրանալու և իջնելու համար, աշխատում են էլեկտրաէներգիայով։
Վերելակ է նաև վերհան այն սարքը, որով կառուցվող շենքի վերին հարկեր շինանյութ են բարձրացնում կամ շինաղբ իջեցնում։
Վերելակ են կոչվում նաև հրշեջների փայտյա, մետաղյա կամ պարանից սանդուղքները։
Մի հարց էլ է ծագում․ արդի ՎԵՐԵԼԱԿ-ն արդյոք կապ ունի՞ գրաբարյան ՎԵՐԵԼԱԿ-ի հետ։
Հստակ է, որ Մուրացանի պատմավեպում և այլուր գործածված ՎԵՐԵԼԱԿ-ը և ներկայիս ՎԵՐԵԼԱԿ-ը իմաստային սերտ աղերսներ ունեն․ երկուսն էլ վեր են բարձրանում, կամ էլ երկուսի միջոցով մարդիկ ելնում են վեր։ Եթե այս երկուսի դեպքում ՎԵՐԵԼԱԿ-ն այն սարքը, հարմարանքն է, որի միջոցով մարդիկ վեր են բարձրանում, ապա V դարի ՎԵՐԵԼԱԿ-ի պարագայում մա՛րդն է վեր/վրան ելնողը։
Մի՞թե այս բառերն անկախաբար են կազմվել։
Մի բան, սակայն, հստակ է․ բառի կազմիչները նույնն են, բառի խոսքիմաստային արժեքը՝ նույնպես (գոյական)։ Իմաստային աղերսները զգալի են, բայց և տարակուսանք են հարուցում․ անցյալի թեկուզ անվարժ հեծյալն այսօր ինքն է փոխադրողի դեր կատարում։
Այսպիսի տարօրինակ բաներ։
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՀԱՅԵՐԵՆ
Դավիթ Գյուրջինյան, «Զարմանալի հայերեն»
